Խորհրդային իշխանության վերջին տարիներին և հատկապես անկախության առաջին տարիներին հասարակությունը մեծ վստահություն ուներ հատկապես տպագիր մամուլի միջոցների նկատմամբ։ Երկիր և Ազգ օրաթերթերը տպագրվում էին տասնյակ հազարավոր օրինակներով, թարմ տեղեկատվություն հասցնելով հասարակությանը պատերազմական գործողությունների վերաբերյալ։
Հետագայում, սակայն, ինչպես մեր կյանքի տարբեր բնագավառներ, ԶԼՄ-ները ևս հայտարարվեցին շուկայական հարաբերությունների մի ոլորտ։ Արդյունքում, մի կողմից, լուրջ թերթերը հայտնվեցին ֆինանսական համարյա անհաղթահարելի դժվարությունների առաջ, մյուս կողմից ստեղծվեցին ԶԼՄ-ներ, որոնց միակ նպատակը, առանց միջոցների մեջ խտրություն չդնելու, փող աշխատելը դարձավ։ Վերջիններս փողի դիմաց սկսեցին օգտագործվել տարբեր անհատների ու ուժերի կողմից իրենց հակառակորդներին վարկաբեկելու, զուգահեռ՝ իրենց մասին վարկաբեկիչ հոդվածներ չհրապարակելու համար։ Նորաստեղծ հեռուստաընկերություններն էլ, նույն տրամաբանությամբ, հանուն «ռեյտինգի» սկսեցին արտադրել ցածրորակ հեռուստասերիալներ, որոնք առավելագույնս նպաստեցին հասարակության դեգրադացմանն ու արժեհամակարգի ձևախեղմանը։
Այսօրվա համացանցը էլ ավելի խորացրեց հասարակության այլասերումը, ջնջելով «կարելի է, չի կարելի»-ի սահմանը, հանգեցնելով բոլոր հեղինակավոր անհատների և ինստիտուտների արժեզրկմանը։ Սրան գումարվեց տարբեր օտար գրանտատու կազմակերպությունների կողմից հասարակությանը մեր ազգային շահերի հետ որևէ առնչություն չունեցող օրակարգի թելադրումը։
Ո՞րն է այս իրավիճակի հաղթահարման ճանապարհը։
Այս հարցերի պատասխանը փորձել ենք գտնել «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ:

