«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրն Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ իր այսօրվա խմբագրական հոդվածում գրում է․
«Իմ տպավորությամբ՝ Հայաստանում գործում է «համացանցի մոնիտորինգի ՔՊ-ական բրիգադ», որի մեջ մտնում են մի շարք պատգամավորներ, իրավապահներ եւ այլ պաշտոնյաներ: Նրանց գործառույթն է՝ հետեւել սոցցանցերում անհաճո հրապարակումներին եւ դրանցից «կազմակերպչական հետեւություններ» անել: Ենթադրենք, պետական համակարգում աշխատող մի օգտատեր «լայք» է դրել Արմեն Աշոտյանի նյութի տակ: Ինչպե՞ս անենք, որ նրան հեռացնենք գործից կամ, առնվազն, աշխատանքային անտանելի պայմաններ ստեղծենք: Դե, իսկ եթե ինչ-որ մեկը իշխանություններին դուր չեկող «ստատուս» կամ մեկնաբանություն է գրում, ապա հանգիստ կարելի է նրա դեմ քրեական հետապնդում սկսել: Ընդ որում, եթե նույնատիպ գրառում արել է իրենց համակիրը (երկու դեպքում էլ կարող են հայհոյանքներ լինել), ապա նրան ոչ մի պատիժ չի հասնում:
Դա խոսում է ոչ միայն մեր «ժողովրդավարության» մակարդակի, այլեւ ՔՊ-ականների մտածողության «մասշտաբի» մասին. մենք տեսնում ենք, թե ինչ մանր գործերով են զբաղված այդ մարդիկ պետության համար այս ծանր վիճակում: Այդ մտածելակերպն, իհարկե, գալիս է իրենց ղեկավարից, որն, ի պատասխան պատգամավորի քննադատության, ասում է՝ «իսկ ես գիտեմ, թե արտասահմանում որ հյուրանոցներում եք դուք ապրել»: Պարզ է, որ եթե ամենավերեւից թելադրվում է մտածողության նման մասշտաբ, իրավապահները պետք է որդեգրեն համապատասխան գործելակերպ:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հանդեպ մեկը մյուսի հետեւից վարույթներ են հարուցվում ֆեյսբուքյան գրառումների համար: Իսկ իշխանության կողմնակից տիկինը կարող է հանգիստ հայհոյել եւ սպառնալ լրագրողներին համացանցով, այնուհետեւ հայհոյել եւ սպառնալ փողոցում մասնագիտական պարտականությունները կատարող մեկ այլ լրագրողի ու չներկայանալ դատարան: Եվ պարզ է, որ նրան ոչ մի պատիժ չի սպառնում: ՔՊ համակիրները, ստացվում է, կարող են ցանկացած բան գրել համացանցում եւ ցանկացած ձեւով իրենց պահել փողոցում: Այդ ազդակները, կրկնեմ, գալիս են ամենավերեւից:
23․02․2024


Comments are closed, but trackbacks and pingbacks are open.