Ինչու Հայաստանում հնարավոր չէ «վրացական սցենար» – «Առավոտ»

Հաճախ մեր՝ հայկական համացանցում կարդում եմ, թե ինչ լա՜վն է վրացական ընդդիմությունը, որը մանդատները չի վերցրել եւ փողոց է դուրս եկել, եւ որքա՜ն վատն է մեր ընդդիմությունը, որը 2021 թվականին դա չարեց եւ հիմա էլ չի անում:

Իրականում այստեղ «լավի» կամ «վատի» խնդիր չկա՝ այդ կատեգորիաներով դատելը կամ համեմատություններ անելն արդյունավետ չէ: Հայաստանի եւ Վրաստանի նման երկրների դեպքում հնարավոր չէ ամբողջությամբ արհամարհել արտաքին քաղաքական գործոնը: Ըստ այդմ, Վրաստանի ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները, չի վերցնում մանդատները եւ փողոցային ակցիաներ է անում, որովհետեւ այդ ընդդիմության հովանավորները (որոնց ներկայացուցիչն է, ի դեպ, այդ երկրի նախագահը) ուղղորդում են, խրախուսում են եւ գուցե նաեւ՝ ֆինանսավորում են հենց այդ գործելակերպը: Իսկ մեր ընդդիմությունը վերցրել է մանդատները, մասշտաբային բողոքներ չի կազմակերպում եւ արտահերթ ընտրություններ չի պահանջում, որովհետեւ մեր ընդդիմության «շեֆերը» դա չեն ուղղորդում, չեն խրախուսում եւ չեն ֆինանսավորում:

Իհարկե, երկու դեպքում էլ կան ներքին գործոններ, բայց ամբողջությամբ մերժել արտաքին գործոնը հնարավոր չէ: Եվ այս իրավիճակի պատճառը միանգամայն պարզ է. Արեւմուտքի համար Կոբախիձեի կառավարությունը խիստ անընդունելի է, եւ այնտեղ ամեն ինչ կանեն, որ այդ կառավարությունը տապալվի: Ուստի Վրաստանում անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների օգտագործման եւ կեղծիքների մասին հայտարարություն է արվում անգամ Բայդենի վարչակազմի մակարդակով: Երեւանի ավագանու 2023 թվականի ընտրությունները դրանցից քիչ էին տարբերվում, բայց ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանի ընդդիմությունը, դրա մասին հայտարարություններ չարեց:

Ավելի նուրբ հարց է, իհարկե, այն, թե արդյո՞ք Կոբախիձեի կառավարությունը «ռուսամետ է», որքան ռուսամետ էր, ասենք, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Ինձ թվում է, ոչ: Վրաստանի կառավարությունն, իմ կարծիքով, ավելի շուտ պրագմատիկ է, ինչպես նաեւ՝ չափավոր պահպանողական, ինչը համապատասխանում է մեր հարեւան ժողովրդի ընդհանուր տրամադրություններին:

Փաշինյանի կառավարությունը միանգամայն ընդունելի է Ռուսաստանի համար: Կրեմլից ոչ մի ազդակ չի գալիս՝ այդ կառավարությունը տապալելու, ինչ էլ խոսեն մեր իշխանության «արեւմտամետ» խոսնակները: Պարտված, թուլակամ, մշտապես տատանվող, միջազգային քաղաքականությունը չհասկացող իշխանությունը ձեռնտու է ոչ միայն ռուսներին, այլեւ բոլոր արտաքին խաղացողներին: Այնպես որ «վրացական սցենարն» այս պահին Հայաստանում իրատեսական չէ:

…Եթե Լուկաշենկոն հայտարարեր, որ պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ լուկաշենկոյական խոսնակները ամեն օր տարբեր եթերներում «քաղցր խոսքեր» ասեին Ռուսաստանի հասցեին, ապա բացառված չէ, որ արեւմտյան համապատասխան կառույցները գովեին բելառուսական «ժողովրդավարությունը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ»

Թողնել պատասխան