Կոբախիձե. Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը և այն հանձնել օրինական ընտրված նախագահին

Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի թողնել իր պաշտոնը և նախագահական նստավայրը հանձնել Վրաստանի օրինական ընտրված նախագահին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով նախագահի հայտարարությանը, թե ինքը շարունակում է պաշտոնավարել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել, համապատասխանաբար, երդմնակալությունը չի կայանա, նրա մանդատը կշարունակվի մինչև նոր խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունը։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ դեկտեմբերի 29-ին Սալոմե Զուրաբիշվիլին պետք է իր նստավայրը զիջի օրինական ընտրված նախագահին։։

«Տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին չորս ուրբաթ է մնացել, և նա չի կարողանում համակերպվել դրան։ Ես հասկանում եմ նրա հուզական վիճակը, բայց, իհարկե, դեկտեմբերի 29-ին նա պետք է լքի իր նստավայրը և այս շենքը հանձնի օրինական ընտրված նախագահին։ Հիշեցնեմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին պարտվել է հոկտեմբերի 26-ի ընտրություններում։ Նա պայքարում էր արմատական ​​ընդդիմության հաղթանակի համար և կարծում էր, որ երաշխիքներ կունենա մնալու իր պաշտոնում, սակայն հոկտեմբերի 26-ի ընտրություններում նա մեծ պարտություն կրեց»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։