Սոցցանցային տարածքում հանդիպել եմ այսպիսի մի տեսության. վարորդների գործադուլը կազմակերպել է Ավինյանը։ Ըստ այդմ՝ նրա նպատակն է հիմնավորել տրանսպորտի գնի բարձրացումը հետեւյալ «տրամաբանությամբ». «Տեսնում եք, թե ինչ է կատարվում, երբ միջոցները սուղ են։ Մենք չենք կարողանում մարդկանց նորմալ աշխատավարձ տալ։ Դուք, հարգելի ուղեւորներ, պետք է մեկ տոմսի համար 200-300 դրամ տաք, եւ այդ դեպքում միայն մենք կբավարարենք վարորդների պահանջները։ Ուզո՞ւմ եք նրանք նորմալ աշխատավարձ ստանան եւ գործադուլ չանեն, հունվարի 1-ից խելոք մուծվեք»:
Այդ խեղաթյուրված եւ բավականին ցինիկ «տրամաբանությունը» հեռու չէ այսօրվա իշխանություններից։ Բայց, անկախ գործադուլի ակնհայտ կամ թաքնված շարժառիթներից, վարորդները դժգոհելու հիմքեր ունեն։ Եվ ասել, որ Երեւանում հեշտ է ութ եւ ավելի ժամ ավտոբուս քշել, խիստ չափազանցություն կլիներ:
Էլ չխոսենք այնպիսի տարրական մարդկային պահանջմունքների բավարարման մասին, ինչպիսիք են ընդմիջման համար նախատեսված ժամը եւ զուգարանի հնարավորությունը, ավտոբուսների մաքրության հարցը։ Այս բոլոր հարցերը երեկ բարձրացրել են գործադուլավոր վարորդները:
Իսկ ամենակարևորն այն է, որ գործադուլ անելը քաղաքացիների Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն է։ Քաղաքակիրթ երկրներում գործատուն նման դեպքերում հանդիպում է գործադուլավորների ներկայացուցիչների հետ եւ բանակցություններ վարում։ Ավտոկրատիայի պայմաններում գործադուլավորներին պարզապես ազատում են աշխատանքից եւ նրանց գործողությունների վերաբերյալ դիմում են դատախազություն։ Ինչը եւ հիմա արվում է Հայաստանում:
Ի դեպ, դավադրության տեսությունը, որը շարադրեցի սկզբում եւ կարծր միջոցները, որոնք կիրառում է քաղաքապետարանը, իրար, մեծ հաշվով, չեն հակասում։ Ընդհակառակը, փոխլրացնում են։ Քանի որ ոչ վարորդները, ոչ էլ ուղեւորները նպատակ չեն, նրանք միջոց են քաղաքապետարանի համար՝ իր եկամուտների բարձրացման ճանապարհին: Իսկ թե որտե՞ղ է ծախսվում եկամուտների զգալի մասը, դրա վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան:
Կարելի է, իհարկե, կուրծք ծեծել եւ բացականչել՝ «Մենք սիրում ենք քեզ, ժողովուրդ, մենք ամեն ինչ անում ենք ձեզ համար, հարգելի երեւանցիներ», ու դեռեւս կան միամիտներ, որոնք այդ բոցաշունչ ճառերին հավատում են։ Բայց մոլորությունները, կարծում եմ, չեն կարող հավերժ տեւել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
04.12.2024
«Առավոտ»

