Վրաստանի վեցերորդ նախագահը երդում է տվել խորհրդարանում՝ համեստ արարողությամբ

Միխեիլ Կավելաշվիլին կիրակի օրը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում նախագահական երդում է տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների ներկայությամբ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Այդ նույն ժամանակ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Աթոնելի փողոցում գտնվող նախագահական նստավայրում հայտարարել է, որ սա զավեշտ է, և որ ինքն է մնում օրինական նախագահը մինչև երկրում նոր ընտրությունների անցկացումը։

Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տևել է կես ժամից մի փոքր ավելի և տեղի է ունեցել խորհրդարանի նիստերի դահլիճում։

Նախկինում նախագահի երդմնակալությունը տեղի էր ունենում բացառապես օրենսդիր մարմնի բակում՝ մեծ թվով հյուրերի ներկայությամբ։

Արարողությանը հրավիրված չեն եղել ոչ օտարերկրյա դեսպաններ, ոչ էլ օտարերկրյա հյուրեր։

Արարողությանը ներկա են եղել ընտրական կոլեգիայի անդամները, պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների, Աջարիայի և Աբխազիայի բարձրագույն խորհուրդների ներկայացուցիչները, Վրաստանի կառավարության, սահմանադրական մարմինների անդամներ և Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ։ Խորհրդարանի պալատ է ժամանել նաև «Վրացական երազանքի» հիմնադիր, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Կավելաշվիլին երդվել է Սահմանադրության հատուկ տպագրված օրինակի վրա։

Նիստերի դահլիճում հնարավոր չի եղել զինվորական նվագախումբ տեղավորել։ Արարողության ժամանակ ազգային օրհներգը կատարել են Սուրբ Երրորդություն տաճարի երգչախումբը և «Մարտվե» համույթը։

Կավելաշվիլին չեն ընտրել ուղիղ քվեարկությամբ։ Սահմանադրության համաձայն, Վրաստանի նախագահի ուղիղ ընտրություններ այլևս չեն լինի, և դեկտեմբերի 14-ին Կավելաշվիլիին ընտրական կոլեգիան նախագահ է ընտրել՝ առանց ընդդիմության մասնակցության։ Այլ թեկնածուներ չեն եղել։ Կավելաշվիլին հաղթել է ընտրություններում, որոնց մասնակցել է միայնակ։

Կավելաշվիլին «Երազանքի» այն համախոհներից է, որոնք ձևականորն առանձնացել են «Ժողովրդի ուժ» կուսակցության մեջ և աչքի ընկել իրենց կոշտ հակաարևմտյան հայտարարություններով։ Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում նա «Երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարն էր։

Լուրեր Հայաստանից — NEWS.am