Գոյություն ունե՞ն այլմոլորակայիններ. Սփիլբերգը խոստանում է լուծել առեղծվածը նոր ֆիլմում

Սթիվեն Սփիլբերգը վերադառնում է մանկուց իրեն հետաքրքրող թեմային՝ այլմոլորակայինների կյանքին։ Երեկ Universal Pictures-ը թողարկել է Disclosure Day ֆիլմի կուլիսներից մի տեսանյութ, որտեղ 79-ամյա ռեժիսորը քննարկում է անհասկանալիի նկատմամբ իր վաղեմի հետաքրքրությունը։

«Ես միշտ հիացել եմ այն բաներով, որոնք հնարավոր չէ բացատրել։ Ես շատ ֆիլմեր եմ նկարահանել այն բաների մասին, որոնք գերազանցում են սովորականը՝ շնաձկներից մինչև թռչող ափսեներ», — ասում է Սփիլբերգը տեսանյութում։

Նա ասում է, որ դեռ մանկուց երկար ժամանակ նայել է գիշերային երկնքին և ավելի ու ավելի է համոզվել, որ Երկրից այն կողմ կյանքը վարկած չէ, այլ անխուսափելիություն։

«Ոչ միայն հնարավորություն է, այլ երաշխիք, որ կյանք գոյություն ունի մեր մոլորակից այն կողմ», — ընդգծում է ռեժիսորը։

Սփիլբերգը Disclosure Day ֆիլմի առաջին կադրերը հրապարակել է դեռևս դեկտեմբերին։ Ֆիլմում նկարահանվել են Էմիլի Բլանտը, Ջոշ Օ’Քոնորը, Քոլին Ֆերթը, Իվ Հյուսոնը և Քոլման Դոմինգոն: Նախագիծը հիմնված է ռեժիսորի կողմից ստեղծված ինքնատիպ գաղափարի վրա, իսկ սցենարը գրել է Դեյվիդ Քեփը՝ «Յուրայի դարաշրջանի այգի» և «Աշխարհների պատերազմ» ֆիլմերի ռեժիսորը:

Նոր տեսահոլովակում Սփիլբերգը հարցեր է բարձրացնում, որոնք, նրա կարծիքով, այսօր մտահոգում են միլիոնավոր մարդկանց: «Հետաքրքրությունը ոչ միայն մեր երկնքում, այլև մեր իրականության մեջ տեղի ունեցողի նկատմամբ հասել է կրիտիկական կետի: Մենք բոլորս հարցնում ենք. մենա՞կ ենք տիեզերքում: Եվ եթե ինչ-որ մեկը գիտի, որ մենք մենակ չենք, ինչո՞ւ դեռ չի ասել մեզ»:

Ֆիլմի սյուժեն ներկայումս գաղտնի է պահվում, բայց հայտնի է, որ այն կպտտվի այլմոլորակայինների գոյության պաշտոնական հաստատման շուրջ: Նախագծի նկարագրության մեջ ասվում է. «Եթե ձեզ ապացուցեին, որ մենք մենակ չենք, դա կվախեցնե՞ր ձեզ: Այս ամռանը ճշմարտությունը կբացահայտվի 7 միլիարդ մարդու համար: Մենք մոտենում ենք… Բացահայտման օրվան»:

Նոր ֆիլմը ռեժիսորի վերադարձի տպավորություն է թողնում իր մանկության վախերին ու ֆանտազիաներին՝ շատ նման նրա նախորդ՝ «Ֆաբելմանները» ֆիլմին, որը ոգեշնչված էր անձնական պատմությամբ։

Disclosure Day–ը կթողարկվի հունիսի 12-ին։

NEWS.am